Monday, September 2, 2013

Ամեն բան իր ժամանակն ունի

Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը, և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։

Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն։
Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց և այնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից մինչև վերջ։

Ես հասկացա, որ մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կյանքում, քանի որ ով որ ուտում, խմում և իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգևն է այդ։ Ես իմացա, որ այն ամենն, ինչ Աստված է արել, պիտի մնա հավիտյան, որ ոչինչ չի կարելի ավելացնել դրանց վրա և ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եվ Աստված այդպես է արել, որ իրենից երկյուղ ունենան։

Wednesday, August 21, 2013

Գրկախառնությունը չի վաճառվում


 Գրկախառնությունը օգտակար է առողջության համար։ Այն ամրապնդում է իմունային համակարգը, թեթևացնում է սթրեսը, լավացնում է քնի որակը։ Այն երիտասարդացնում է, տալիս ուժ, իսկական հրաշալի միջոց է հիվանդությունների դեմ։

Գրկախառնությունը լիակատար բնական է մարդու համար։ Այն օրգանիկ է, ունի բնական քաղցրություն, չի պարունակում արհեստական հավելումներ, չի աղտոտում օդը, չի վնասում շրջակա միջավայրը և ունի 100 տոկոսանոց դրական ազդեցություն։

Գրկախառնությունը իդեալական նվեր է։ Հարմար է բոլոր առիթների համար, հաճելի է և ստանալ, և նվիրել։ Այն ցույց է տալիս Ձեր հոգատարությունը, չի պահանջում փաթեթավորում, և իհարկե լիովին հիմնավորված է։

Գրկախառնությունը չունի թերություններ, չի պահանջում լիցքավորում, ենթակա չէ արժեզրկման, չի փչացնում կազմվածքը, պաշտպանված է գողություններից և ենթակա չէ հարկման։

Գրկախառնությունը չգնահատված ռեսուրս է, որը ունի հրաշալի ուժ։ Երբ մենք բացում ենք մեր սրտերը և ձեռքերը, մենք դրանով ոգևորում ենք մյուսներին նույնը անել։



Հիշեք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ թանկ են։ Չունե՞ք արդյոք խոսքեր, որ կուզեիք նրանց ասել, գրկախառնություններ, որոնցով կուզեիք նրանց հետ կիսվել։ Թե՞ սպասում եք, որ նրանք առաջինը կխնդրեն ձեզ այդ մասին։ Խնդրում եմ, մի սպասեք։ Ավելի լավ է ինքներդ սկսեք։

Tuesday, August 20, 2013

Գրիգոր Նարեկացի

...Չկա
որ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախված, այնքան շաղախված, այնքան ամաչած
Ու դատապարտված, որքան որ ես եմ.
Միմիայն ե'ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.

Ե'ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ:
Ո'չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո'չ հրյաները, քանզի կուրացան
Ո'չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե'ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,
վարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստված.
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի.
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմերով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Սակայն աչքերս խակեցի ամուր զգաստության դեմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնապ,
Քննություն՝ փոքր բաների համար,

Sunday, August 18, 2013

Ցեղասպանություն

Գարուն է:Անձրև է դրսում:

Պատուհանիցս նայում եմ դուրս ու մրսում,

Մեկ դար է մոտ անցել,

Բայց ոչինչ չի մոռացվել:

Այս տարի անձրև է գալիս այնպես հորդառատ,

Ասես երկինքն է լացում հույզերով առատ,

Ասես Աստված է ամեն տարի հիշում

Ու արտասվում

Աստծո արցունքը անձրևի տեսքով թափվում է ցած,

Իսկ  մեկ դար առաջ ու՞ր էիր Աստված:

Մեկ դար առաջ՝

Կրկին գարուն ու կրկին անձրև,

Կարմիր անձրև,որ թափվում էր

Եփրատն ի վար:

Սպանում էին հայերին՝ լոկ հայ լինելու համար:

Աբդուլ Համիդը սուլթան

Հրամայում է որ ողջ հայերին սրի տան,

Որ սպանեն,

Որ չխնայեն,

Որ բոլորի հոգիները այրեն,

Չէ՜ որ բոլորը անհավատ հայ են:

Մի սուրբ գաղափարի համար

Պիտի բոլորին կրակի տան

Ինչէ թե՜ ստեղծեն մի մեծ Թուրան:

Ու հրամանով այդ խելացու

Սկսում են չխնայել ոչ մի տեղացու:

-Պետք չե ներել ոչ մի հայի,

Նա պիտի աշխարհին երկնքից նայի,

Իր Աստծո կողքին

Պիտի մեռնի իր հոգին,

Հայը գյավուր է,

Եթե կա իրենց Հիսուսը՝ ապա ու՞ր է:

Բայց սա դեռ ամենը չէր,

Երանի այսքանը ամենը լիներ,

Բայց չեղավ,

Ավա՜ղ,

Եղավ այն ինչ չէին պատկերացնում ավելի վաղ,

Թուրքիայում եղավ հեղափոխություն,

Ստեղծվեց մի նոր կառավարություն,

Որին կառավարիչ անխոս պետք էր,

Ու նրանք եկան իրենց կոչելով երիտ-թուրքեր:

Իսկ այդ երիտ-թուրքերը

Ունեին իրենց պարագլուխները,

Նրոնք պիտի լինեին հայերին անխնա բախտից <<նվեր>>

Նրանց անուններն եին՝ Թալեաթ,Ջեմալ և Էնվեր:

Այս երեքը

Չկարծեցին Աբդուլի ջարդերը հերիք,

Մշակեցին պլան ավելի սահմռկեցուցիչ

Ու նրնաց չկանգնեցրեց ոչինչ,

Չէ՜ որ նրանք չունեին խիղճ

Նրանց համար մեկ էր ամեն ինչ:

Ու երեվի հենց էս օրվանից

Հայը սկսեց գարշել թուրքից

Ու նրանք դարձան դուշման,

Թուրքը հարձակվեց առանց հուշման:

Հայը մնաց անմուրազ,

Հայի աստվածաշունչը դարձրին նամազ,

Հայի ղոնախը՝ հյուրը

Իր իսկ հյուրով

Սպանում էր հային

Քրդի գյուլլով:

Ու երիտ-թուրքերը ընդունեցին որոշում,

Որը մոտավորապես այսպես էր հնչում.

Հայերի ֆիզիկապես բնաջնջնում:

Սրանք Համիդին ի տրիտուր

Սկսեցին գործել բացահայտ,

Բայց մինչև ու՞ր:

Այդ պլանը իրենց անհայտ,

Գաղտնի,

Կոտորելու էր մի ողջ ազգի

Որ կոչվում էր հայ:

Ու սկսեցին նրանք գործել:

Saturday, August 17, 2013

Բաբելոնի աշտարակը

  Բազմաքանակ են վկայություններն առ այն, որ իսկապես մի ժամանակ աշխարհում եղել է սոսկ մեկ լեզու: Շումերական գրականությունը քանիցս վկայում է դա: Լեզվաբանները նույնպես այս տեսությունը օգտակար են համարում՝ լեզուները դասակարգելիս:
Բայց ի՞նչ է խոսվում Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ տեղի ունեցած լեզուների խառնակման մասին (Ծննդոց 11):
Հնագիտությունը բացահայտել է, որ ՈՒրի թագավոր ՈՒր-Նամուն Ք.ա. 2044-2007 թթ. հավանաբար պատվեր է ստացել, որ կառուցի մի մեծ տաճար-աշտարակ՝ որպես երկրպագության արտահայտություն լուսնի աստված Նանաթին:
Հինգ ոտնաչափ լայնությամբ և տասը ոտնաչափ բարձրությամբ կառուցված հուշարձանը ապացուցում է Ուր-Նամուի գործունեությունը: Մի տախտակ պատկերում է նրան՝ կրաշաղախ կողովը ձեռքին, հսկա աշտարակի կառուցման սկիզբը նախագծելիս. այսպես նա ցույց է տալիս իր հավատարմությունը աստվածներին՝ ներկայացվելով որպես հասարակ բանվոր:
Մեկ այլ կավե տախտակի վրա գրված է, որ աշտարակի կառուցումն այնպես վիրավորեց աստվածներին, որ նրանք քանդեցին մարդկանց շինածը, ցրեցին նրանց ամբողջ աշխարհով մեկ՝ փոխելով նրանց լեզուները: Այս պատմությունը զարմանալիորեն նման է Աստվածաշնչում գրվածին:
Պահպանողական գիտնականները ենթադրում են, որ Մովսեսն է սկզբնական պատմության հեղինակը: Բայց ինչպե՞ս կարող է Մովսեսը լինել, եթե այս դեպքերը տեղի են ունեցել նրա ծննդից շատ ավելի վաղ:
Կա երկու հավանականություն: Առաջին՝ Աստված կարող է գերբնական ձևով Մովսեսին հայտնել այդ դեպքերը: Ճիշտ այնպես, ինչպես Աստված կարող է մարգարեական հայտնությամբ կանխատեսել ապագան, այդպես էլ հետադարձ հայտնությամբ կարող է բացահայտել անցյալը: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է. Մովսեսը հավաքել և խմբագրել է ավելի վաղ արձանագրությունները: Սա չի հակասում աստվածաշնչյան սկզբունքին: Ղուկասը նույնպես այդպես է վարվել իր Ավետարանը գրելիս (Ղուկաս 1.1-4):
Փ. Ջ. Վայսմենն աներկբայորեն պնդում է, որ Ծննդոցի պատմությունն ի սկզբանե գրվել է կավե տախտակների վրա և փոխանցվել սերնդեսերունդ: Յուրաքանչյուր «տոհմային համայնքի առաջնորդ» պատասխանատու էր դրանք խմբագրելու և արդիականացնելու հարցում: Որպես Աստվածաշնչի հիմնական բանալի՝ Վայսմենը նշում է բառերի ու արտահայտությունների պարբերական կրկնությունը, հատկապես «սա է սերունդը» արտահայտությունը (տես Ծննդ.2.4, 10.1, 11.10):
Բազմաթիվ հին քարե տախտակներում վերջին բառերը կրկնվում է հաջորդ տախտակի սկզբում: Ծննդոցի գրական արժեքվորումը, հնագույն գրականության հետ համեմատած, ցույց է տալիս, որ այն կազմվել է Մովսեսի ժամանակներից ոչ ավելի ուշ: Միանգամայն հավանական է, որ Ծննդոցն ընտանեկան (սերնդային) պատմություն է՝ գրառված նահապետների և վերջնական տեսքի բերված Մովսեսի կողմից: Գրում է CrossNews Քրիստոնեական պորտալը:


Ժան-Ժակ Ռուսոն` Սուրբ Գրքի մասին

Հանճարեղ ֆրանսիացի գրող Ժան-Ժակ Ռուսոն (1712-1778) իր լավագույն` «Էմիլ կամ դաստիարակության մասին» ստեղծագործության մեջ Ավետարանի և Քրիստոսի մասին գրում է.
«Խոստովանում եմ, որ Աստվածաշնչի մեծությունն ապշեցնում է ինձ, իսկ Ավետարանի սրբությունն ազդում է սրտիս: Սուրբ Գրքի համեմատ որքան չնչին են փիլիսոփայական երկերն իրենց ողջ փայլով հանդերձ:
Հնարավո՞ր է արդյոք, որ մեկ այլ ստեղծագործություն, այն էլ` սովորական մարդու ձեռքով գրված, այսքան կարճ ժամկետում փառավորվեր այսպես: Կարո՞ղ էր Նա, ում մասին պատմում են սրբազան գրքերը, հասարակ մարդ լինել:
Ի՜նչ հիասքանչ, ի՜նչ մաքուր է Նրա էությունը: Ի՜նչ առինքնող բարությամբ է համակված Նրա վարդապետությունը: Ի՜նչ վսեմ են Նրա օրենքները: Ի՜նչ խորին է Նրա խոսքերի իմաստությունը: Ի՜նչ խորաթափանց ու դիպուկ են Նրա պատասխանները: Սեփական կրքերի ինչպիսի՜ տիրապետում:
Որտե՞ղ կարելի է գտնել մի մարդու, ով ընդունակ է այսպես գործել, տառապել ու մահանալ առանց թուլասրտություն և սնափառություն դրսևորելու»: Գրում է CrossNews պորտալը:



Sunday, August 4, 2013

Երջանիկ ամուսնության գաղտնիքը


Երջանիկ ամուսնության գաղտնիքը…Նրանք խոստացել են միասին լինել «և´ ուրախության, և´ տխրության պահին»: Բազում ցավ ու դառնություն են տեսել կյանքում, սակայն ահա 30 տարի անց Ջոնի Էրիկսոն Տադան և նրա ամուսինը` Քենը, ցանկացել են բաժնեկցել երջանիկ ընտանիքի գաղտնիքներով:
Ջոնին ամուսնացել է ֆուտբոլի մարզիչ Քենի հետ՝ 1982թ-ին: 17 տարեկանից Ջոնին հաշմանդամ էր և սայլակով էր շրջում: Նա մշտապես ցավեր էր ունենում, իսկ ամուսինը տառապում էր դաժան ընկճախտից: Ռոմանտիկ շրջանից հետո այս դառն իրականությունն ավելի է հեռացնում նրանց միմյանցից: Հետագայում Ջոնիին ախտորոշում են կրծքի քաղցկեղ…
Այդ ժամանակ Քենը ներքուստ հոգևոր փոփոխություն է սկսում նկատել` գիտակցելով իր պարտականության կարևորությունը: Եվ այդժամ զույգը կարողանում է բացահայտել ոչ թե լոկ գոյատևման, այլև բարգավաճման գաղտնիքը:
«Հնարավոր է՝ ես ու Քենն այնքան էլ չենք համապատասխանում «հաջողակ ընտանիքի» չափանիշներին,- գրում է Ջոնին,- սակայն տունը մեզ համար մի վայր է, ուր մենք միաբան ենք:

Ամուսնության գաղտնիքըԿարծում եմ՝ բոլոր մարդիկ էլ իրենց կյանքում ձգտում են իրական ընտանեկան ջերմության, սակայն հնարավոր է՝ այդ վայրը ձեր ամուսնու կողքին է: Այդ մտածողությունը որդեգրելով՝ կունենաք խաղաղ և կատարյալ ամուսնություն»:
Ամուսինների նոր գիրքը` «Ջոնին և Քենը` սիրո անասելի պատմություն»-ը, գրված է Լերրի Լիբբիի հետ համատեղ և բացահայտ կերպով պատմում է նրանց 30-ամյա ամուսնության բոլոր վերելքների և անկումների մասին:

 Քանի որ նրանցից յուրաքանչյուրն այդ ընթացքում զորություն էր փնտրում Աստծո մեջ, որպեսզի կարողանա համբերել մինչև վերջ, դա աստիճանաբար մտերմացնում է նրանց Աստծո կատարյալ եռանկյունու մեջ (որքան ամուսինները մոտենում են Աստծուն, այնքան մտերմանում են միմյանց հետ):
Ըստ Christian Today-ի՝ վերոնշյալ գիրքը լույս կտեսնի թղթային և էլեկտրոնային ձևաչափով՝ 2013թ-ի ապրիլի 2-ին:

Աղբյուրը՝ CrossNews.am

Tuesday, July 30, 2013

Հայ երգարվեստի ողբալի վիճակը


Ես ուղղակի ցավում եմ, որ ներկայիս Հայաստանն ունի այսքան վատ վիճակում գտնվող ռաբիս-էստրադային երաժշտություն, իսկ դասականին դեռ կանդրադառնամ անպայման: Մեր շոու-բիզնեսում հիմնականում տիրում է copy-paste ասվածը: 

Տեսահոլավակները նկարահանվում են համաշխարհային աստղերի տեսահոլավակների հիման վրա, իսկ երաժշտությունը կա՛մ թուրքական, կա՛մ ուզբեկական մոտիվներով է համեմված: Իսկ ռաբիս երաժշտությունը, որն այնքան էլ չի տարբերվում այսպես կոչված էստրադայինից, պարզապես անցել է մեր ժողովրդի արյան մեջ:

Ես անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր ռաբիս երգը կամ երաժշտությունը համարում են ժողովրդական. նրանք փորձում են ինձ համոզել, որ եթե ժողովուրդը լսում է այդ երաժշտությունը, ապա դա համարվում է ժողովրդական: Այ քեզ բան. «վարպետին Մարգարիտա են սովորեցնում»: Իսկ ահա դասական երաժշտությունը` համեմատ ռաբիսի կամ էստրադայինի, որոնք առանձնապես իրարից չեն տարբերվում, շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում:

Ունեցել ենք հիանալի և աշխարհահռչակ կոմպոզիտորներ՝ Ա. Խաչատրյան, ով ունի այնպիսի ստեղծագործություններ, որ համաշխարհային ճանաչում ունեն և մինչև հիմա կատարվում են տարբեր երաժիշտների կողմից: Ա. Բաբաջանյան` հայտնի է ֆիլմերի համար գրված իր ստեղծագործություններով: Տ. Մանսուրյան. դասվում է մեր ժամանակակից կոմպոզիտորների շարքին, ում ստեղծագործություններն, անկեղծ ասած, ես շատ եմ սիրում: Ա. Տերտերյան, Տ. Չուխաջյան, Ա. Տիգրանյան… և այս շարքը կարելի է շատ երկար թվարկել:

Մի անգամ Երևանի փողոցներում տեսա տեղադրված բարձրախոսներ, որոնցից հնչում էր դասական երաժշտություն, ուրախացել էի շա~տ, կանգնում լսում էի, բայց ուրախությունս կարճ տևեց, էլ չի գործում այդ հիանալի մտահղացումը: 

Դա լավ գաղափար էր մարդկանց մեջ որակյալ երաժշտություն սերմանելու համար: Հուսանք` մի օր դարձյալ փողոցներում կլսենք որակյալ երաժշտություն, չէ՞ որ դասական երաժշտությունն այս աշխարհում այն սակավաթիվ լուսավոր բաներից մեկն է:

Friday, July 19, 2013

Մեր երկրի դանդաղ կործանումը


Վերջերս համացանցում հաճախակի սկսեցին հայտնվել Հայոց բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքեր:Մեկ երկու անգամ տեսա,կարդացի մտածեցի <դե հիմա բանակա,դեպքա եղելա>: Ես էլ եմ ծառայել գիտեմ,հազար ու մի բանա լինում,բայց երբ տեսա այս տեսանյութը ուղղակի ապշեցի,ու որոշեցի անդրադառնալ բանակում տեղի ունեցած դեպքերից մի քանիսին:Իսկ երբ  Ադրբեջանական բանակում սպանության դեպք է լինում,Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաալքները այդ մասին անպայման խոսում են:Թե ինչի համար է այդքան հետաքրքրում Ադբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպերը ես չեմ հասկանում,երբ մեր բանակում գրեթե  շաբաթը մեկ անգամ սպանության դեպք է լինում:Դե իհարկե Գևորգ Ալթունյանն էլ առիթը բաց չի թողնում Ազերիների բանակում տեղի ունացածի մասին խոսելու ու քննադատելու առիթը:Մի օր չտեսանք նույն Ալթունյանը խոսեր մեր բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերից,դե իհարկե,ոնց խոսի,այդքան ռիսկ չունի,մեկ էլ տեսար հաջորդ օրը տուն չհասավ,ճանապարհին գլուխը կերան:Ադրբեջանում ինքնասպան եղած զինվորի անուն ազգանունը,կենսագրությունը շատ լավ կարողանում են իմանալ,իսկ երբ հերթը հասնում է մեր բանակում տեղի ունեցած դեպքը բացահայտելուն,մեկ էլ չգիտես ոնց դեպքի մասնակիցներից մեկի անձը պարզելը դառնում է հանելուկ,որը կարող եք տեսնել առաջին տեսանյութում,երբ հայրը տղայի մարմնի վրա ցույց է տալսի ծեծի հետևանքով առաջացած սպիները,որը տեղի է ունեցել դեպքից երկու ամիս առաջ,իսկ մինչև հիմա պարզ չէ,թե ով է այդ ամենի հեղինակը:

Հետո տեսնում եմ ավելի դաժան մի բան,որը հավանաբար թուրքը չէր անի:Զինվորին խեղդամահ են անում բենզինի երկու տոննա տարողութույամբ բակի մեջ:Այդ ամենի մասին կարող եք տեղեկանալ հետևելով այս հղումին:Սպանությունների մեծ մասը որակավորվում է որպես ինքնասպանություն:Թե խաղաղ պայմաններում ինչն է զինվորին ստիպում գնալ այդ քայլին ես  և հավանաբար շատերտ՝ չեմ կարողանում հասկանալ:Բոլորիս հայտնի Յուրի Խաչատուրովը իր ազգականին նշանակում է ՀՀ ԶՈՒ-ի զորամասերից մեկի հրամանատար,որը չունի զինվորական բարձրագույն կրթություն,այսինքն նա սպա չէ:Նշանակելուց հետո սկսվում են այդ զորամասում սպանության դեպքերը:Երբ Հայոց բանակի հրամանատարներից մեկը չի մտացում,<<թե ես ում եմ նշանակում հրամանատար,բա մյուսներից ինչ պահանջեմ>>:Դե մյուս զորամասի հրամանատարներն էլ չգիտեմ ինչ են մտածում,որ իրենց զորամասում զինվորի են սպանում դիտավորյալ,այլ ոչ զենքի հետ անփույթ վարվելու,անվտանգության կանոնները խախտելու հետևանքով:Հետո սպա կոչվածը շղթայով հարվածում է զինվորի աչքին և նրան զրկում տեսողական օրգանից:Այդ մասին դիտեք տեսանյութում:

Friday, August 10, 2012

Ռեալ Մադրի՞դ, թե՞ Բարսելոնա. կեսդարյա մրցակցություն


Շատ սպասված հանդիպում...

Շատ քիչ ժամանակ է մանցել երկու մեծագույն ակումբների՝ Ռեալի և Բարսելոնայի հակամարտությանը:

Հակամարտություն, որը կարելի է անվանել պատերազմ. պատերազմ հզորագույնների միջև: Ամիսներ շարունակ մենք՝ ֆուտբոլասերներս, սպասում էինք այս հանդիպմանը. հանդիպում, որն այս  ընթացքում հանգիստ չի տալիս ոչ մի ֆուտբոլասերի: Վերջիններս, հպարտանալով իրենց սիրելի ակումբի հաջողություններով, պնդում են, որ  լավագույնն իրենց սիրելի ակումն  է, և սպասում են այդ հանդիպմանը` հուսալով, որ իրենց սիրելի ակումբն իրենց հուսախաբ չի անի:

Ես, հանդիսանալով Մադրիդի Ռեալի երկրպագու, լավ եմ հասկանում, որ իմ սիրելի թիմն ունի առավելություն խաղային առումով, սակայն, որքան էլ Բարսելոնան վրիպումներ է թույլ տալիս իրենից կարգով ավելի թույլ մրցակիցների հետ խաղերում, կլասիկոն մնում է կլասիկո, և այդ խաղում հնարավոր է ամեն բան (ինչը վերաբերում է ֆուտբոլին): 

Ֆուտբոլն, առավել ևս` էլ կլասիկոն, պայքար է նաև անհատների միջև. Ռոնալդուն ընդդեմ Մեսսիի, Կասիլյասը` Վալդեսի, և, իհարկե, Անչելոտտին ընդդեմ Մարտինոյի:

Դե ինչ, անհամբերությամբ սպասենք խաղին և կստանանք մեզ այդքան հուզող հարցի պատասխանը: ՌԵԱ՞Լ, թե՞ ԲԱՐՍԵԼՈՆԱ: