Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը, և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։
Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն։
Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց և այնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից մինչև վերջ։
Ես հասկացա, որ մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կյանքում, քանի որ ով որ ուտում, խմում և իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգևն է այդ։ Ես իմացա, որ այն ամենն, ինչ Աստված է արել, պիտի մնա հավիտյան, որ ոչինչ չի կարելի ավելացնել դրանց վրա և ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եվ Աստված այդպես է արել, որ իրենից երկյուղ ունենան։
