
Ես ուղղակի ցավում եմ, որ ներկայիս Հայաստանն ունի այսքան վատ վիճակում գտնվող ռաբիս-էստրադային
երաժշտություն, իսկ դասականին դեռ կանդրադառնամ անպայման: Մեր շոու-բիզնեսում հիմնականում
տիրում է copy-paste ասվածը:
Տեսահոլավակները նկարահանվում են համաշխարհային աստղերի
տեսահոլավակների հիման վրա, իսկ երաժշտությունը կա՛մ թուրքական, կա՛մ ուզբեկական մոտիվներով
է համեմված: Իսկ ռաբիս երաժշտությունը, որն այնքան էլ չի տարբերվում այսպես կոչված
էստրադայինից, պարզապես անցել է մեր ժողովրդի արյան մեջ:
Ես անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր
ռաբիս երգը կամ երաժշտությունը համարում են ժողովրդական. նրանք փորձում են ինձ համոզել,
որ եթե ժողովուրդը լսում է այդ երաժշտությունը, ապա դա համարվում է ժողովրդական: Այ
քեզ բան. «վարպետին Մարգարիտա են սովորեցնում»: Իսկ ահա դասական երաժշտությունը`
համեմատ ռաբիսի կամ էստրադայինի, որոնք առանձնապես իրարից չեն տարբերվում, շատ ավելի
բարձր մակարդակի վրա է գտնվում:
Ունեցել ենք հիանալի և աշխարհահռչակ կոմպոզիտորներ՝
Ա. Խաչատրյան, ով ունի այնպիսի ստեղծագործություններ, որ համաշխարհային ճանաչում ունեն
և մինչև հիմա կատարվում են տարբեր երաժիշտների կողմից: Ա. Բաբաջանյան` հայտնի է ֆիլմերի
համար գրված իր ստեղծագործություններով: Տ. Մանսուրյան. դասվում է մեր ժամանակակից
կոմպոզիտորների շարքին, ում ստեղծագործություններն, անկեղծ ասած, ես շատ եմ սիրում:
Ա. Տերտերյան, Տ. Չուխաջյան, Ա. Տիգրանյան… և այս շարքը կարելի է շատ երկար թվարկել:
Մի անգամ Երևանի փողոցներում տեսա
տեղադրված բարձրախոսներ, որոնցից հնչում էր դասական երաժշտություն, ուրախացել էի շա~տ,
կանգնում լսում էի, բայց ուրախությունս կարճ տևեց, էլ չի գործում այդ հիանալի մտահղացումը:
Դա լավ գաղափար էր մարդկանց մեջ որակյալ երաժշտություն սերմանելու համար: Հուսանք`
մի օր դարձյալ փողոցներում կլսենք որակյալ երաժշտություն, չէ՞ որ դասական երաժշտությունն
այս աշխարհում այն սակավաթիվ լուսավոր բաներից մեկն է: